Կառավարությունը «հա՛մ եղում է, հա՛մ դեղում»
Սոցիալապես անապահով խավի խնդիրները, պարզվում է, կառավարության ուշադրության կենտրոնում են։ Գործադիրի երեկվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքները մեղմելուն ուղղված առաջարկը, ինչն էլ հաստատվեց։ Օգոստոսի 1-ից 1000 դրամով բարձրացվելու է նպաստների չափը, ինչն արվում է սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով։ Ի դեպ, գուցե հունվարին ևս մի կես դրամով բարձրանա էլեկտրաէներգիայի գինը, քանի որ, ըստ նախարարի, կատարված հաշվարկները փաստել են, որ սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքի ամսական էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 730 դրամ։ Այսինքն, դեռ 70 դրամ ավելացնելու տեղ կա։
Առաջին «պտուղները»
Մաքսային միություն մտնելու Հայաստանի տրամադրվածությունն իր ծիլերն է տալիս։ Հայաստանի քաղաքացիները կարող են 30 օր անընդմեջ գտնվել ՌԴ-ի ցանկացած տարածքում առանց ժամանակավոր գրանցման և աշխատանքի թույլտվության։ Այս աչքալույսը գործադիրին ներկայացրեց միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ինչն էլ հաստատեց գործադիրը։
4,5 մլն դրամ` «մոծակներին»
Ջերմուկի մոծակների բախտը չբերեց. կառավարության որոշմամբ 4,5 մլն դրամ կհատկացվի Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար։ Եթե նկատենք, որ Ջերմուկում ամառային սեզոնին մոծակների ու ճանճերի ձեռքից զբոսաշրջիկները պրծում չունեն, ապա որոշումը տեղին է։ Հիշեցնենք, որ վերջին անգամ այս նպատակով գործադիրը 2 մլն դրամ էր հատկացրել 2009-2010-ին։ Ըստ ամենայնի, այս տարի հատկացվող գումարն ավելացել է նախորդ տարիներին գործ չանելու պատճառով։
Իջեցվեցին գները,
երկարացվեցին ժամկետները
«Այս պահին շուրջ 60 հազար ՀԴՄ է գործում, որից 8 հազարը խոշոր տնտեսավարողներինն է», կառավարության երեկվա նիստից հետո ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը։ Նա մեծ եռանդով ներկայացրեց կառավարության կատարած փոփոխությունները, որոնց համաձայն, 30 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող սուբյեկտները նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է տեղադրեն մինչև օգոստոսի 1-ը ¥ՀԴՄ-ի գինը նվազեցվել է և կազմում է 150 հազար դրամ¤։ 10-ից մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցողները ՀԴՄ պետք է տեղադրեն հոկտեմբերի 1-ից, որի գինը կկազմի 120 հազար դրամ։ Մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունեցողները ՀԴՄ պետք է տեղադրեն մինչև հունվարի 1-ը, ՀԴՄ-ի գինն էլ 80 հազար դրամ է։ Ինչ վերաբերում է սահմանամերձ վայրերին, այստեղ ՀԴՄ-ները տրամադրվելու են անվճար, իսկ գյուղերում` 50 % զեղչով։ Հետաքրքրականն այն է, որ ինչ եռանդով Արմեն Ալավերդյանը ներկայացրեց այս փոփոխությունը, նույն եռանդով էլ պաշտպանում էր սրանից առաջ եղած օրենքը և նշում, որ օրենքով սահմանված ժամկետներում բոլորը պարտադիր պետք է տեղադրեն ՀԴՄ-ներ, բացառություններ էլ չպետք է արվեն։ Մինչդեռ կառավարության այս որոշմամբ բացառություններ արվեցին և՛ ժամկետների, և՛ գների հարցում։ Այս դեպքում ֆինանսների փոխնախարարը, ի վերջո, ո՞ր կառավարության մոտեցումն է ճիշտ համարում։ «Բոլոր ժամանակներում էլ իմ եռանդը նույնն է։ Եթե կառավարության սեպտեմբերի որոշման հետ համադրեք այս որոշումը, ապա հակասություն չի լինի։ Այն ժամանակ էլ որոշված էր ՀԴՄ-ները ներդնել խոշոր, միջին և փոքր բիզնեսում մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ այս որոշմամբ ընդամենը հստակեցվում են ՀԴՄ-ների տեղադրման ժամկետները` ըստ բիզնեսի»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Ալավերդյանը։ Եթե, ըստ փոխնախարարի, առանձնակի տարբերություն չկա նախկին և ներկա կառավարությունների սույն որոշման մեջ, ապա ինքնին հարց է առաջանում` էլ ո՞րն էր կառավարությունում այն նորից ներկայացնելու անհրաժեշտությունը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ